ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Տունը

Տունը
28.08.2026 | 13:30


«Սա իմ տունն է, ես չեմ ուզում այն լքել: Այդտեղ ես ինձանով ստեղծել եմ մի ամբողջական ու շքեղ քաղաքակրթություն»:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Երկու օր առաջ, առավոտյան ժամը տասի մոտերքը հնչեց իմ բնակարանի դոմոֆոնի զանգը: Այդ ժամին որևէ մեկին չէինք սպասում: Մտածեցի, որ երևի բնակիչներից մեկն է, որ մուտքի դուռը բացող բանալի չունի, դրա համար էլ իմ բնակարանի զանգն է հնչեցրել: Նման բան հաճախակի էր լինում, քանի որ չորրորդ հարկի իմ բնակարանի համարը տասներկուս է, իսկ դա դոմոֆոնի առաջին երկու թվերն են: Այդուհանդերձ, հետաքրքրության համար դուռը բացեցի, դուրս եկա միջանցք, որ տեսնեմ, թե ո՞վ է:
Միջահասակ մի անծանոթ կին էր բարձրանում աստիճաններով: Շենքի բնակիչներից չէր: Ուզում էի ներս մտնել, բայց տեսա, որ գալիս է դեպի ինձ: Մտածեցի, երևի բան պետք է հարցնի:
Մոտեցավ, բարևեց, նայեց բնակարանի դռանը ու հուզված ասաց.
«Էս տունը իմ տունն է: Քսան տարի առաջ սա իմ տունն է եղել»:
Մտածեցի, երևի հոգեկան շեղումներ ունի: Ասացի՝ «Տիկի՛ն, երևի սխալվում եք, ես երեսուն տարուց ավելի ապրում եմ այս տանը»:
Ասաց՝ «Դուք ակադեմիայի էն աշխատողը չե՞ք, որի հետ փոխանակեցինք մեր բնակարանները»:
Ասացի՝ «Հա՛, ես եմ»:
Ասաց՝ «Ես Արմենի կինն եմ»:
Բնակարանների փոխանակությունը մենք արել էինք ավելի վաղ, ինքն ուղղակի տարիները խառնել էր: Ընդ որում, փոխանակությունը կատարել էի նրա ամուսնու՝ Արմենի հոր հետ, որը հրաշալի մարդ էր, ինքը ներկա չէր եղել, ես նրան չէի տեսել:
Եվ հիմա, ինքը, երբեմնի տանտերը, կանգնել ու գորովանքով նայում էր բնակարանի դռանը:
Ասաց՝ թույլ կտաք մի քանի րոպեով ներս մտնեմ:
Ասացի՝ հա՛, իհարկե, ներս եկեք: Ներս մտավ ու սկսեց հայցքով զննել բնակարանը:
- Ճաշասենյակի պաստառները հանե՞լ եք: Ասացի՝ հա՛, խունացել, քրքրվել էին արդեն: Գնաց դեպի ննջասենյակ:
- Իմ երեխաները ծնվել ու էս սենյակում են մեծացել: Մեկի մահճակալը էստեղ էր, մյուսինը՝ էստեղ: Շուտ-շուտ էին հիվանդանում: Պատուհանի մոտ իրենց դասագրքերն ու սեղանն էր: Ցուրտ ու մութ տարիներն էին: Ցերեկները մի քանի ժամ հետները պարապում էի, որ սովորեն, լավ մարդ դառնան։
Հուզված էր: Ինքը կարծես ննջասենյակի իրերը չէր տեսնում, այլ տեսնում էր երբեմնի իր ապրած տարիների կահավորանքով: Մի քանի րոպե երկար ու լուռ կանգնած էր, իր մեջ վերարթնացել էին անցյալի ապրած լուսեղեն դրվագներ։ Այդ կինը,ըստ էության, հանդիպել էր իր անցյալին: Վերհուշը նոր դրվագներ էր հիշեցնում: Սթափվեց: Դուրս եկավ միջանցք:
- Շա՜տ էի կարոտել էս տանը: Ինձ կներե՛ք:
Միջանցքի պաստառները չէինք փոխել: Նայեց ու ուրախացած ասաց․
«Վա՜յ, էս աբոյները մնացել են,, … հերս իր ձեռքով ա սրանք կպցրել,- սկսեց գորովանքով շոյել պատի պաստառը ու մրմնջալ,- վա՜խ, հեր ջան»։ Կարծես, ոչ թե պաստառը, այլ հոր դեմքն էր շոյում:
Ասի՝ «Սուրճ կխմե՞ք, սուրճ դնե՞մ»։
Հուզված ասաց․
- Չէ, շնորհակալ եմ, շտապում եմ,- ու այլայլված դուրս եկավ։
Զգացի, որ արցունքները կխանգարեին նրան խոսքը շարունակելու… Գնաց, որ իմ ներկայությունը չխանգարի իր տխրությունը արտասվելով արդեն Աստծո հետ կիսելու այդ սրբազան ծեսին․․․

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ. Գ.
Շատ էի տպավորվել: Իր գնալուց հետո սկսեցի խորհել այս անսահման տիեզերքում տան, հայրենիքի, կյանքի խորհրդի, տիեզերքում անտերունչ ու անապավեն հածող մարդկային ճակատագրերի մասին, տան խորհրդի մասին…, այո՛, տան խորհրդի, քանզի տիեզերական անսահմանության անդիմությունը իմաստ և անուն է ձեռք բերում միայն, երբ դրվում է ժամանակի և տարածության սահմանափակող շրջանակի մեջ:
Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ